Հայաստանի կառավարող կոալիցիայի շարքերում արդիական տարբեր հարցերում շուրջ դիրքորոշումների հստակեցման անհրաժեշտություն է առաջացել, փետրվարի 11-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Նրա խոսքով, քաղաքական որոշ ուժեր արդեն որոշակիացրել են իրենց դիրքորոշումները, մյուսները դեռ լռում են: «Հասել է ժամանակը, որ բոլորը հստակ հայտարարեն իրենց դիրքորոշումների վերաբերյալ այս կամ այն հարցում»,- հայտարարել է Բիշարյանը` կրկին հաստատելով շրջանառվող խոսակցությունները, որ օրերս կայացած կոալիցիայի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը համատեղ հայտարարության նոր տեքստ է ներկայացրել:
«Այդ հուշագրում կա դրույթ, որը ենթադրում է աջակցել երեք կոալիցիոն ուժերի թեկնածուին 2013-ի նախագահական ընտրություններում»,- ասել է Բիշարյանը` նկատելով, որ ՕԵԿ-ն ընդունում է այդ հայտարարությունը: Նա նշել է, որ այսօր կայանալու է կոալիցիայի նիստ, որտեղ քննարկելու են բոլոր վիճահարույց հարցերը:
Բիշարյանը տեղեկացրել է լրագրողներին, որ առաջիկայում ՕԵԿ շարքերը համալրվելու են հանրությանը քաջ հայտնի անուններով:



























