Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 8-ին Կարս կատարած այցի ժամանակ  Կարսի քաղաքապետ Նեւզաթ Բոզքուշի հետ մասնակցել է ապօրինի կառուցված «Մեծ ամրոց» (Büyük Kale) հյուրանոցի բացմանը։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Կարսի քաղաքապետ Նեւզաթ Բոզքուշը խոստովանել է, որ հյուրանոցի վերջին երկու հարկերի կառուցման թույլտվություն չկա: Ավելին, կա դատարանի որոշում՝ դրանք քանդելու վերաբերյալ։  Կարսի քաղաքապետն ընդծել է, թե Էրդողանը չի իմացել, որ հյուրանոցը ապօրինի շինություն է։

«Վարչապետը մեքենայով անցնում էր եւ կանգնեց հյուրանոցի մոտ։ Մենք էլ իջանք եւ ուղեկցեցինք նրան։ Հյուրանոցի սեփականատերերը խնդրեցին վարչապետին՝ կատարել իրենց հյուրանոցի բացումը, ինչին Էրդողանը համաձայնեց։  Այդ պահին շատ խառնաշփոթ էր, եւ ես չկարողացա վարչապետին զգուշացնել իրավիճակի մասին»,-ասել է Կարսի քաղաքապետը:

Հիշյալ հյուրանոցի հետ կապված խնդիրը օրակարգ է բերել թուրքական Cumhuriyet թերթի լրագրող Օքթայ Էքինջին՝ նշելով, թե շենքի վրա անօրինական հարկեր կառուցելով ստեղծվել է Կարսի «ամենահրեշավոր» շինությունը:

«Հիմա հետաքրքիր է՝ օրենքը ոտնահարած հյուրանոցի բացումն իրականացրած եւ միեւնույն ժամանակ Կարսի բարեկամության արձանը քանդել ցանկացող Էրդողանը, չի՞ հասկացել, որ այդ հակասությունը պատմության մեջ է մտնելու»,-նշել է Cumhuriyet-ի լրագրողը։