ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին հրամանագիր է ստորագրել ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության մասին:
Հրամանագրի համաձայն, ստեղծվել է Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով, որին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում քննարկել ու հաստատել տոնական միջոցառումների համալիր ծրագիրը:

Կրթության եւ գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություններին, «ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲ ընկերությանը, «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրությանը հանձնարարվել է  համատեղ մշակել ու իրականացնել Արցախի  Հանրապետության անկախության պատմական նշանակությանը նվիրված ծրագրեր, ապահովել տոնակատարության նախապատրաստման ու անցկացման միջոցառումների պատշաճ լուսաբանումը:

Ըստ հրամանագրի` հաստատվել է Արցախի  Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի  տոնակատարության կազմակերպման եւ համակարգման  պետական հանձնաժողովի  անհատական կազմը, որը կգլխավորի ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: