Թերթն անդրադառնում է ադրբեջնական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը, թե Ադրբեջանի իշխանությունը Լոնդոնում իր լոբբիստական ցանցի միջոցով ձգտում է գործարքի մեջ մտնել աղմկահարույց WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ»: Ըստ այդմ, Ասանժի «փաստաբանի հետ առնվազն երկու հանդիպում արդեն իսկ կայացել է, արդյունքների մասին առայժմ տեղեկություն չկա»:

«Այս տեղեկատվության ամենահետաքրքրական կողմը կարծես թե այն է, որ առայժմ Ջուլիան Ասանժի հետ գործարքի մեջ մտնելու` որեւէ այլ երկրի իշխանությունների մտադրության, առավել եւս` արդեն իսկ ձեռնարկած քայլերի մասին, որքան հայտնի է, համաշխարհային մամուլում ակնարկ իսկ չի արվել:

Եվ եթե առաջինն այդպիսի հավանական գործարքի ուղղությամբ քայլեր անում է Իլհամ Ալիեւը, ապա ինչո՞ւ չենթադրել, որ WikiLeaks-ի տրամադրության տակ գտնվող նյութերը նրա համար ճակատագրական նշանակություն ունեն: Բացառված չէ, որ նման զգուշացում Իլհամ Ալիեւը կարող է ստացած լինի WikiLeaks-ի հետ համագործակցող որեւէ լրատվամիջոցից, թեկուզ` լոնդոնյան «The Guardian»-ից:

«Կգնվի՞» արդյոք Ջուլիան Ասանժը: Իսկ ինչո՞ւ ոչ: Այդ դեպքում «ի՞նչ կարժենա» նրա լռությունը: Սրանք, իհարկե, էական հարցադրումներ չեն: Առավել բնութագրականն այն է, որ Ադրբեջանի իշխանությունը կարող է դառնալ Ասանժի եւ մի շարք եվրոպական առաջատար լրատվամիջոցների, հետեւաբար նաեւ դրանք ներկայացնող երկրների հասարակայնության, կառավարությունների սոսկական պատանդը:

Իսկ արժե՞ ունենալ այդպիսի խոցելի իշխանություն: Դա արդեն Ադրբեջանի ժողովրդի որոշելիքն է»,- ամփոփում է թերթը: