Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական 5-րդ համագումարը։ Համագումարին ներկա է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հրավիրված են նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, «Ժառանգությունը» ներկայացնում է Ստեփան Սաֆարյանը: 

Արտախորհրդարանական ուժերից ոչ ոք ներկայացված չէ, քանի որ ԲՀԿ-ն հրավերներ չի ուղարկել նրանց: 

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էին ԲՀԿ մամուլի ծառայությունից, համագումարի օրակարգում քննարկվելու են կուսակցության քաղաքական խորհրդի եւ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, նաեւ կայանալու են կուսակցության ղեկավարի եւ քաղաքական խորհրդի ընտրությունները:

Երեկ`փետրվարի 11-ին պետք է կայանար Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավարների հանդիպումը եւ քննարկվեր հետագա համագործակցության, մասնավորապես 2012 թ. խորհրդարանական եւ 2013 թ. նախագահական ընտրությունների կապակցությամբ դիրքորոշումների վերաբերյալ հարցերը։ Հանդիպումը, սակայն, չի կայացել, եւ, ըստ ամենայնի, ԲՀԿ-ն այսօր ընթացող համագումարում կհստակեցնի իր դիրքորոշումը այդ ամենի վերաբերյալ: