Քանի դեռ Եգիպտոսում որոշակի կարգեր չեն հաստատվել, դժվար է ասել այնտեղ կատարվածը հեղափոխություն էր, թե պարզապես ժողովրդական ապստամբություն. իսկ իշխանությունը ժամանակավորապես վերցրած բանակը կարգեր, դժվար, թե փոխի։ NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց արաբագետ Դավիթ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, ժամանակի ընթացքում, ճիշտ է, Եգիպտոսում որոշակի բարեփոխումներ կիրականացվեն, սակայն ձեւավորված ավտորիտար համակարգը կպահպանվի։ «Հիմա, ամեն դեպքում, դժվար է որեւէ կոնկրետ բան ասել, որովհետեւ այնտեղ գաղափարական ընդդիմություն գոյություն չունի, եւ այժմ, երբ ընտրությունների հարց առաջանա, ժողովրդական շարժման  մասն կազմող առանձին խմբերը հանդես են գալու յուրաքանչյուրն իր ծրագրով։ Ազգայնականների, իսլամիստական  ուժերի եւ լիբերալների միջեւ գաղափարական բախումներ են տեղի ունենալու, այնպես, որ բոլոր այս ուժերը միասին  հանդես գալ չեն կարող։ Եւ քանի որ անցումն իրականացնելու է բանակը, ապա ավելի հավանական է, որ իշխանության գան ազգայնականները»,- տեսակետ հայտնեց արաբագետը։

Հարցին, թե ինչ հնարավոր հետեւանքներ կարող են ունենալ մեր տարածաշրջանի վրա եգիպտոսյան իրադարձությունները՝ Դավիթ Հավհաննիսյանը նկատեց. «Զուտ զգայական, քանի որ հասարակությունները շատ տարբեր են։ Եգիպտոսում կրոնական, բարոյահոգեբանական ազդեցություն կա, այստեղ նման բան չկա, բացի այդ, Եգիպտոսի հասարակությունը շատ երիտասարդ է՝ բնակչության ավելի քան 70 տոկոսը 25 տարեկանից ցածր երիտասարդներ են եւ այլն»,-ամփոփեց արաբագետը:

Նշենք, որ նախօրեին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը պաշտոնաթող էր եղել, իշխանությունն անցել էր զինվորական խորհրդին, որը ղեկավարում է պաշտպանության նախարար Մոհամեդ Թանթաուին։