The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաշոգջիի սպանության մասին իր խոսքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնհայտ բացթողում է արել՝ նա չի փորձել ուղիղ դիմել արքայազն Մուհամմեդ Բին Սալմանին։ Այս մասին գրել է The Washington Post-ը։
WP-ը գրում է, որ դե ֆակտո թագավորությունն արքայազնն է ղեկավարում։ Խաշոգջիի անհետանալուց հետո լուրջ հարցեր են առաջացել այդ հանցագործությանը նրա առնչության վերաբերյալ, սակայն բոլոր հարցերի պատասխանները Էրդողանը պահանջում է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդից, ոչ թե թագաժառանգ արքայազնից։
Եթե դա դիտարկենք որպես հարգանքի տուրք թագավորին, ապա դա եւս կարելի է անվանել «սեպ խրելու» փորձ թագավորի եւ արքայազնի միջեւ, որին Էրդողանը համարում է գաղափարական ընդդիմախոս, մրցակից, ինչպես նաեւ Թուրքիայի ազգային շահերին սպառնացող վտանգ՝ կարծում են WP-ի վերլուծաբանները։
Ըստ նրանց՝ այնուամենայնիվ, Էրդողանն իր ելույթով փորձել է չվնասել Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները եւ Խաշոգջիի գործն օգտագործել սեփական ռազմավարական նպատակներին հասնելու համար։
Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից երեք շաբաթ անց Թուրքիան դեռեւս չի հրապարակել այդ գործի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։




























