Երեկ՝ փետրվարի 13-ին ժամը 23։30-ի սահմաններում Հալաբյան փողոցի վրա, Արդարադատության նախարարությունից վերև, տեղի է ունեցել ավտովթար։
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սամանդ» մակնիշի «Տ 3457» համարանիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի 5126 համարանիշի եւ «Տոյոտա Քեմրի» մակնիշի 41 ՏԴ 444 համարանիշի ավտոմեքնաները բախվել են իրար։
«Սամանդ»-ի վարորդը՝ 40-ամյա Լեւիկ Առաքելյանը մահացել է, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 39-ամյա Արտյոմ Խաչատրյանը, «Տոյոտա Քեմրիի» վարորդ՝ 52-ամյա Վարդան Համբարձումյանը եւ ուղեւոր 22-ամյա Արա Համբարձումյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնց աշխատանքը ղեկավարում է Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը։ Այստեղ են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկարարները, Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատի փրկարարները, Հայաստանի փրկարար ծառայության թիկունքի վարչության պետ գնդապետ Արշակ Վարդանյանի գլխավորությամբ։
Վթարի վայրում են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի և պարեկապահակային ծառայության աշխատակիցներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը։
Այս պահին քննիչը վթարի վայրի քննչական և փորձարարական աշխատանքներ է կատարում։ Որից հետո քննիչը մեկնելու է հիվանդանոց ճշտելու տեղափոխվածների ինքնությունը։ Նրա հանձնարարականով մեքենաները քարշակի միջոցով տեղափոխվելու են ՃՈ տուգանային հրապարակ։ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում։














Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























