«Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է ասում»։ Այսօր՝ հոկտեմբերի 26–ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահի՝ իր մասին արված հայտարարությանը, հաղորդում է Aravot.am–ը։ 

«Այո, ինքը ճիշտ է ասում, ես գործարքների մեջ չեմ եղել։ Գիտեք` հարկային ծառայության պետի գործառույթները շատ պարզ են, այնտեղ հարկերի հետ կապված գործառույթներ են, որոնք ես կատարել եմ պատշաճորեն, ուրիշ բան չեմ կարող ասել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ «Հայոց աշխարհին» տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես ասել էր. «Իրենց թվում է, թե մեր երկրում կառավարման մարմինները միայն կոռուպցիայով էին զբաղված, ոչ մի բան չէին անում:  Բայց նայեք: Կոնկրետ, Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել, եւ ենթադրվում է, որ ստացել է, որովհետեւ նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչեւ 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ՝ մի քանի տարի եւ 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար: Կոռուպցիոն գայթակղությունների տեսանկյունից ամենից ռիսկային պաշտոններում է աշխատել: Եվ պետք է ասեմ, որ նա լավ է աշխատել, ես գոհ եմ եղել... Եվ հիմա թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին. այդ   տարիներին, ամենից գայթակղիչ պաշտոններն զբաղեցնելով, այդ մարդը որեւէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Չե՛ն եղել նման հարաբերություններ:  Ու, եթե դուք տեսնում եք՝ այդ մարդը չի արել, այսօր էլ վստահում եք իրեն պաշտոն, ինչո՞ւ եք համարում, որ այն ժամանակ ամբողջը կառուցված էր կոռուպցիոն բուրգերի վրա: Պետք է ասել` այդպիսի օրինակները շատ են»: