Ձնաբքի հետեւանքով փետրվարի 12-ի երեկոյան փակվել է Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրի հատվածը, ավտոճանապարհը երկկողմանի փակվել եւ վերահսկվում է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 13-ին ժամը 00.25-ին ստացված տեղեկատվության համաձայն` ձնաբքի մեջ մնացել են ավտոմեքենաներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Գորիս քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր ժամանելը Ճանշին-ի աշխատակիցների կողմից ձնաբքից դուրս է բերվել երեք մարդատար ավտոմեքենա (3 վարորդ եւ 6 ուղեւոր):

Ժամը 04.00-ին ստացված տեղեկատվության համաձայն` տվյալ ավտոճանապարհով Սիսիան քաղաքի կողմից առկա է ավտոմեքենաների հոսք, որոնք հայտնվում են ձնաբքի մեջ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատ:

Մինչեւ ժամը 07.20-ը փրկարարների կողմից ձնաբքում հայտնված չորս ավտոմեքենաներից դուրս են բերվել 4 վարորդ եւ 4 ուղեւոր, որոնք տեղափոխվել են Գորիս քաղաք:

Ժամը 09.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գորիս եւ Սիսիան քաղաքների Ճանշին-ի  աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների արդյունքում Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դարձել է անցանելի: