Հայաստանի Կենտրոնական բանկն այսօր՝ փետրվարի 14-ին որոշ պարզաբանումներ է ներկայացրել, թե ինչպես կարելի է թոշակ ստանալ նոր ընթացակարգերով։

2011 թ. Հայաստանում գործում է ՀՀ ֆինանսական համակարգի միջոցով կենսաթոշակների վճարման նոր ընթացակարգ, որն իրականացվում է ՀՀ տարածքում գործող բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:

Ներկայումս տվյալ գործընթացին մասնակցում են ՀՀ տարածքում գործող 15 առեւտրային բանկ («Հայբիզնեսբանկ», «Արարատբանկ», «Անելիքբանկ», «ՎՏԲ-Հայաստան Բանկ», «Հայէկոնոմբանկ», «Պրոմեթեյբանկ», «ԲՏԱ բանկ», «Զարգացման Հայկական Բանկ», «Կոնվերս բանկ», «ԱԿԲԱ-Կրեդիտ-Ագրիկոլ բանկ», «Արցախբանկ», «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ», «Յունիբանկ», «Արդշինինվեստբանկ», «Մելլաթբանկ») եւ 6 ոչ բանկ վճարահաշվարկային կազմակերպություն («Ադալեւ Ռիա», «Ի-դրամ», «ԿՎԱԴՐԱԿՈՄ», «Դեպի տուն», «ՄԵԳԱ ՊԱՆՏԵՐԱ», «Հայփոստ»):  

Համաձայն նոր կարգի՝ յուրաքանքանչյուր կենսաթոշակառու ինքնուրույն է որոշում, թե ինչպես է ցանկանում ստանալ իր թոշակը՝ կանխիկ եղանակով փոստատարի կամ առաքիչի միջոցով, թե անկանխիկ՝ իր կողմից ընտրած բանկում հաշիվ բացելու միջոցով:

Ընդ որում, այդ նպատակով բացված բանկային հաշվի բացումը, վարումը եւ սպասարկումն իրականացվում են անվճար: Հաշվի առնելով, որ կենսաթոշակառուն կարող է բացել բանկում կենսաթոշակի համար նախատեսված բանկային հաշիվ, բանկերի կողմից առաջարկվում են նաեւ վճարային քարտեր: Բանկային հաշվին կցված վճարային քարտը նույնպես տրամադրվում եւ սպասարկվում է անվճար, բացառությամբ այլ բանկերին պատկանող բանկոմատներից դրամական միջոցներ ստանալու գործարքից:

Կենսաթոշակը բանկային հաշվով կամ վճարահաշվարկային կազմակերպության   միջոցով ստանալու համար կենսաթոշակառուն կարող է այցելել իր բնակության վայրին մոտ գտնվող, վերը ներկայացված ցանկում ներառված որեւէ բանկ, բանկի մասնաճյուղ կամ վճարահաշվարկային կազմակերպություն, լրացնի կենսաթոշակի համար նախատեսված բանկային հաշվի բացման կամ կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարման դիմում: Ընդ որում, կանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու դեպքում, դիմումում նշում է, թե ինչպես է ցանկանում ստանալ իր թոշակը` անձամբ այցելելով տվյալ վճարահաշվարկային կազմակերպության գրասենյակ, թե առաքիչի կամ փոստատարի միջոցով տուն հասցնելու միջոցով:

Միաժամանակ՝ կենսաթոշակառուն ներկայացնում է իր անձնագիրը կամ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված անձը հաստատող այլ փաստաթուղթ, կենսաթոշակային գրքույկ եւ սոցիալական քարտ:

Այնուհետեւ բանկի կողմից կենսաթոշակառուին է տրամադրվում բանկային հաշվի համարը, իսկ կանխիկ եղանակով ստանալու դեպքում՝ վճարահաշվարկային կազմակերպության կողմից լրացված տեղեկանք, որը կենսաթոշակառուն պետք է ներկայացնի ՀՀ սոցիալական հարցերի նախարարության իր բնակավայրի սպասարկումը իրականացնող կենսաթոշակների նշանակման ստորաբաժանում՝ այսուհետ կենսաթոշակը տվյալ բանկային հաշվին փոխանցելու կամ տվյալ վճարահաշվարկային կազմակերպության միջոցով ստանալու նպատակով: