«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ փետրվարի 14-ին բավական աշխույժ առեւտուր է իրականացվել; Գործարքներ են իրականացվել եւ արտարժույթով, եւ բաժնետոմսերով, եւ կորպորատիվ պարտատոմսերով;

Վաճառվել է 3,6 մլն դոլարի արտարժույթ՝ 365,75 միջին փոխարժեքով։ Փաստորեն՝ դրամը շարունակել է արժեզրկվել՝ ուրբաթ օրվա համեմատ էժանանալով 1 դրամով։

Երկու գործարք է իրականացվել «Շեն» կոնցեռնի պարտատոմսերով՝ 6,2 մլն դրամ ընդհանուր ծավալով եւ 12,5 տոկոս եկամտաբերությամբ։
«ԱրցախՀԷԿ»-ի եւ «Արփա-Սեւան» բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերով իրականացվել է մեկական գործարք։ Հատկանշական է, որ 2 դեպքում էլ բաժնետոմսերը վաճառվել են իրենց նոմինալ արժեքից բարձր։

«ԱրցախՀԷԿ»-ի 436 բաժնետոմսեր վաճառվել են մոտ 500 հազ. դրամով, այսինքն՝ յուրաքանչյուրը՝ 1140 դրամով։ Բաժնետոմսերի նոմինալ արժեքը 1000 դրամ է։

Առավել արտառոց է «Արփա-Սեւանի» բաժնետոմսերի չափազանց բարձր գինը:

Ընկերության 2500 դրամանոց բաժնետոմսերը վաճառվել են 50 հազ. դրամով։ Իրացվել է 61 բաժնետոմս՝ 3 մլն դրամով։ Ընկերության բաժնետոմսերի նկատմամբ պահանջարկի նման կտրուկ աճը հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ «Արփա-Սեւանը» մի շարք շինարարական ծրագրեր է իրականացնում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով։ Ընկերությունը նաեւ «Որոտան-Արփա-Սեւան» ջրային համակարգի հավատարմագրային կառավարիչն է։