Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Օղակաձեւ խաչմերուկում` «Սթար» սուպերմարկետի դիմաց այսօր` փետրվարի 14-ին, ժամը 16-ի սահմաններում տեղի է ունեցել վթար:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ԿԱՄԱԶ» մակնիշի 36 ԼՏ 083 համարանիշի բեռնատարը, որը բարձած է եղել ցեմենտով, շուռ է եկել: Վարորդը` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ, 54-ամյա Սարգիս Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի 3-րդ սպայական վաշտի աշխատակիցները: Քիչ առաջ ժամանել է նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը: Այս պահին նա դեպքի վայրում քննչական-փորձարարական աշխատանքներ է կատարում, որից հետո մեկնելու է հիվանդանոց:

Ավագ քննիչի հանձնարարականով շրջված ԿԱՄԱԶ բեռնատարը տեղափոխվելու է ոստիկանության Կոտայքի մարզի տուգանային հրապարակ:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի