Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը դեմ չի արտահայտվել «Նաիրիտ» գործարանի գործարկմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Նաիրիտի» մամուլի ծառայությունը:

Հաղորդագրությունում նշված է. «Փետրվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ շուրջ ծավալվող գործընթացներին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանը նշել է. «Պահանջում են պետական երաշխիք, սակայն պետությունն այդ երաշխիքը չի ուզում տալ։ Լինելով ֆինանսների նախարար՝ ես դեմ եմ արտահայտվել դրան»: Նախարարը, սակայն, խոստացել է` «Նաիրիտին» աջակցել վարկ կամ ֆինանսավորման այլ աղբյուր փնտրելու գործում»:

Տ. Դավթյանի կողմից արտահայտած մտքերի որոշ դեպքերում ոչ ճիշտ մեկնաբանությունները մի շարք լրատվամիջոցներում ստեղծում են մի տեսակետ, թե իբր ՀՀ կառավարությունը դեմ է գործարանի գործարկմանը:

Այնինչ, իրականում, ՀՀ կառավարությունն ու «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությունն այդ ուղղությամբ բանակցություններ են վարում, եւ Կառավարությունը ջանքեր է ներդնում «Նաիրիտ»-ի հիմնահարցի արմատական-դրական լուծումը գտնելու համար: Այս պահին էլ բանակցային գործընթացը շարունակվում է եւ նույնիսկ պարզ արտահայտված մտքերի խեղաթյուրումը կարող է անառողջ ու անցանկալի զարգացումների պատճառ դառնալ:

Ընկերության ղեկավարության հետ հեռախոսազրույցի արդյունքում վերոնշյալ դիտարկումները հաստատել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանը:

Խնդրում ենք ձեռնպահ մնալ ճշմարտությանը հակասող մեկնաբանությունների տարածումից, ինչը կարող է լրջորեն վնասել, եթե ոչ` խոչընդոտել, բանակցային գործընթացը»: