Ժամանակակից քաղաքը պետք է ունենա աղբահանության բոլորովին այլ տեխնիկա եւ սպասարկման այլ մակարդակ. հաջորդ տարվա ձմռանն արդեն աղբահանության ու սանմաքրման գործառույթները կկատարվեն նոր մակարդակով: Այսօր՝ փետրվարի 14-ին Երեւանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում նշել է քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու հավելել, որ ամբողջական պատկերի մասով ոլորտի վերաբերյալ անհրաժեշտ է ունենալ  իրական գնահատական:

Նա հանձնարարել է պատրաստել մրցութային փաստաթղթեր, որպեսզի  «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքի» ընդունումից հետո  հայտարարվի օպերատորների մրցույթ:

Վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետի որոշակի լիազորությունների պատվիրակման մասով Կ. Կարապետյանը նշել է, որ այդ գործընթացը շարունակական է լինելու: Նա կարեւորել է վարչական շրջանների ղեկավարների եւ անձնակազմերի գործառույթների կանոնակարգումը, ինչը կնպաստի եւ հնարավորություն կընձեռի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպել:

Կարեն Կարապետյանը հատուկ ուշադրություն է հրավիրել մայրաքաղաքի երթեւեկության կառավարման ու կանոնակարգման հետ կապված հարցերին: Հանձնարարվել է արագացնել  ծանրաբեռնված խաչմերուկներում եւ կանգառներում ճանապարհային տեսախցիկների տեղադրման, ժամային նոր գրաֆիկների մշակման եւ ավտոկայանատեղիների գործունեությունը օրինական դաշտ բերելու գործընթացը:

Հանձնարարվել է նաեւ բյուջետային տարվա համար կանխատեսումներ ներկայացնել ֆինանսական մուտքերի վերաբերյալ: 

Մայրաքաղաքի դպրոցներում աբոնեմենտային համակարգ ներդնելու ծրագրի հետ կապված հանձնարավել է արագացնել կազմակերպչական աշխատանքները. «Մարտի 1-ից աբոնոմենտային ծրագիրը պետք է աշխատի: Այդ ծրագրի մեջ պետք է նաեւ ընդգրկել թանգարանները»,-ասել է քաղաքապետը:

Մայրաքաղաքում գործող փակ շուկաների ներսում անհրաժեշտ պայմանների, սանիտարական պատշաճ վիճակի ապահովման մասով հանձնարարականների շրջանակում զեկուցվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: