ԼՂՀ-ում այսօր՝ փետրվարի 14-ին մեկնարկել է պաշտպանական կարեւորության հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որում բացի ՊԲ-ից, ներգրավված են նաեւ Արցախի ուժային, առողջապահական եւ ռազմական նշանակության բոլոր գերատեսչություններն ու հանրապետության զորահավաքային ռեսուրսը:
Աննախադեպ ծավալով ուժերի եւ միջոցների ներգրավմամբ անցկացվող զորախաղերի նպատական է կատարելագործել հանրապետությունում առկա ռազմական եւ թիկունքային ապահովման ներուժի մարտական կիրառման հնարավորությունները, բարձրացնել զորավարժությանը մասնակից անձնակազմի մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը, պարզորոշել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի, ոստիկանության, Արտակարգ իրավիճակների վարչության, Ազգային անվտանգության ծառայության, առողջապահության եւ ռազմական կարեւորության մյուս ոլորտների պատրաստությունն ու փոխհամագործակցության աստիճանը:
Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հանրապետական ու տարածքային զինկոմիսարիատների գործունեությանը, նրանց կողմից զորահավաքային ռեսուրսի հավաքագրմանն ու համալրման գործընթացին` ըստ զորամասերի եւ ստորաբաժանումների:
Հրամանատարաշտաբային զորավարժությունը կշարունակվի մինչեւ փետրվարի 19-ը:




























