Չորեքշաբթի Պերուի դատարանը երկրի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիի դուստր Կեյկո Ֆուխիմորիին դատապարտել է 36 ամիս ժամկետով նախնական բանտարկության՝ Odebrecht բրազիլական շինարարական ընկերությունից փող ստանալու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆուխիմորի կրտսերն անցնում է 2011 թվականին իր առաջնորդած «Ժողովրդական ուժ» կուսակցության նախընտրական արշավի անցկացման համար ապօրինի վճարումներ կատարելու գործով:
Դատական նիստը հեռարձակել է Comercio պորտալը: Դատավոր Ռիչարդ Կոնսեպսիոն Կարուանչոն հանգել է այն եզրակացության, որ Ֆուխիմորի կրտսերը տեղյակ էր իր «Ժողովրդական ուժ» կուսակցության ընտրարշավի անցկացման համար ապօրինի վճարումների մասին, այդ թվում Odebrecht-ից ստացած միջոցների մասին:
«Ամբաստանյալը, որպես ենթադրյալ հանցավոր կազմակերպության անդամ, որը ստեղծվել էր քաղաքական կուսակցությանը զուգահեռ, կարող էր 1 մլն դոլար ստանալ, որն ուղղվել է ընտրարշավի անցկացմանը»,- հայտարարել է Կարուանչոն:
Կեյկո Ֆուխիմորին կալանավորվել է հոկտեմբերի 10-ին փողերի լվացման գործով դատախազությունում հարցաքննվելուց հետո: Դատախազությունը նրան եւ եւս մոտ 20 մարդու մինչեւ 10 օր ժամկետով կալանավորելու օրդեր էր տվել: Ավելի ուշ նա ազատ էր արձակվել, սակայն կանգնել էր նոր դատի առաջ:



























