Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր՝ նոյեմբերի 1–ին, խորհրդարանում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե Կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում, որ ԱՄՆ նախկին դեսպանի հայտարարած 8 մլրդ դոլարի ներդրումն արվի Հայաստանում։

«ԱՄՆ նախկին դեսպանը հայտարարել էր, որ պատրաստ են 8 մլրդ դոլարի ներդրում անել Հայաստանի էներգոհամակարգում։ Ի՞նչ է անում Կառավարությունն այդ ուղղությամբ»,– Փաշինյանին դիմեց Սերգեյ Բագրատյանը։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ պետք է ուշադիր լինել բոլոր ոլորտներում եւ առաջ գնալ համոզված քայլերով։

«Էներգետիկ ոլորտում ունենք հարցեր, որոնց պետք է պատասխանենք։ 1. Միջոըւկային էներգետիկայի հետագա զարգացումը, 2. Իրանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները, 3. Վրաստանի հետ էներգետիկ ոլորտներում համագործակցության հեռանկարները, 4. տեխնոլոգիական ներդրումների իրական ծավալը, որովհետեւ շատ կարեւոր է գնահատել մեր էներգիայի պոտենցիալ պահանջարկը մեր երկրում։ Եթե մենք պիտի հենվենք մինչեւ հիմա արված հաշվարկների վրա, դա ինձ համար բավարար չէ, քանի որ դա արվել է տնտեսության կառուցվածի նախկին տրամաբանության հիման վրա։ Մեզ նոր հաշվարկ է պետք։ Վերականգնվող էլեկտրաէներգիայի զարգացման մեծ հեռանկար կա, այդ պրոցեսը սկսվել էր մեր Կառավարությունից առաջ, եւ համոզված եմ, որ նոր թափով այն կզարգանա»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է մայնինգի ոլորտի զարգացմանը Հայաստանում, Փաշինյանը նշեց, որ էներգետիկ հզորությունները մեզ դեռեւս բավարարելու են. «Բացառվում է, որ առաջիկա հինգ տարում  էներգետիկ դեֆիցիտի պատճառով որեւէ ոլորտ չզարգանա, ուրիշ խնդիր է հաջորդ տասնամյակի պլանավորումը, որով մենք լուրջ զբաղվում ենք»։