Ես կլինեմ այնտեղ, որտեղ կորոշի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ NEWS.am–ի հետ զրույցում տեղեկություններին, թե չի լինելու ԲՀԿ–ի համամասնական ցուցակում, այսպես արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ես շատ շոյված եմ իմ անձի նկատմամբ հետեւողական եւ ֆունդամենտալ ուշադրությունից, որին իմ անձն արժանանում է ամեն օր մամուլում։ Շնորհակալ եմ մեծահոգի ուշադրության համար, բայց այսքան մի զբաղվեք ինձանով։ Ես ԲՀԿ մեծ թիմի անդամ եմ, որտեղ կորոշի կուսակցությունը, որ այնտեղ են անհրաժեշտ իմ պրոֆեսիոնալիզմը, ունակություններն այդ պահին, կլինի դա խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, ես կլինեմ այնտեղ»,– ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը քաղաքականություն եկել է Գագիկ Ծառուկյանի հետ եւ նրա հետ էլ հեռանալու է. «Սա միանշանակ է, մնացածը ինչպես կորոշի կուսակցությունը։ Ինձ կրկին զարմացնում է, որ բոլոր քաղաքական գործիչներին թողած՝ իմ անձն ամեն օր դառնում է մամուլի ու տարբեր վերլուծաբանների ուշադրության օբյեկտը»։
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Նաիրա Զոհրաբյանն առաջիկայում դեսպան է նշանակվելու։



























