Լոնդոնի կենտրոնական շրջաններից մեկում՝ Քենսինգթոնում, Sony Music-ի կենտրոնակայանում միջադեպի հետեւանքով երկու մարդ է դանակահարվել, փոխանցում է BBC-ն:
Ոստիկանությունից առայժմ չեն հայտնում, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել՝ հստակեցնելով, որ «միջադեպն ավարտված չէ»:
Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել ոսիտակնները եւ շտապ օգնության մեքենաներ, անցկացվում է շրջանի գրասենյակների աշխատակիցների տարհանում: Տեղի ունեցածի վայրին մոտ ճանապարհները փակված են: «Այս պահին տարհանումը նախազգուշական միջոցառում է: Երկու մարդ դանակահարվել է, մենք նրանց վիճակի մասին տեղեկության ենք սպասում»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունից հայտնել են մեկ մարդու ձերբակալման մասին: Ոստիկանությունն այս միջադեպն ահաբեկչության հետ չի կապում՝ հստակեցնելով, որ հրազեն չի գործադրվել:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով գրեթե 11:00-ին:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել այն շենքի երրորդ հարկում, որտեղ գտնվում է Sony Music ձայնագրման ընկերության կենտրոնակայանը:




























