YouGov հետազոտական ընկերությունը պարզել է, թե որքան սնահավատ են ամերիկացիները, հավատո՞ւմ են նրանք արդյոք, որ Մարսի վրա կյանք կա եւ ո՞ր տոնն ավելի մեծ նշանակություն ունի նրանց համար՝ Հելոուի՞նը, թե՞ Գոհաբանության օրը, փոխանցում է «Կոմերսանտը»։  Հարցմանը մասնակցել է ավելի քան 2,8 հազար ամերիկացի։

Պարզվել է, որ հարցվածների կեսից ավելին չի հավատում վատ նշաններին եւ ճանապարհորդության դուրս կգար «Տիտանիկ 2» նավով՝ օվկիանոսային նավի մշակվող նախագիծ, որը կուղեւորվի տխուր վախճան ունեցած «Տիտանիկ» նավի երթուղով։

59 տոկոսը հայտնել է, որ իրենց չի շփոթեցնում այն հանգամանքը, որ համանուն նավը 1912 թվականին խորտակվել է։ Հարցվածների մեկ երրորդը (35 տոկոս) ավելի հոռետեսորեն է վերաբերվում այդ մտքին, ընդ որում՝ կանայք եւ երիտասարդները ավելի սնահավատ են այս հարցում։ Այսպես, «Տիտանիկ 2» նավով ճանապարհորդության հարցում վատ նշան են տեսնում կանանց 39 տոկոսը (տղամարդկանց 30 տոկոսի դիմաց) եւ 18-24 տարեկան երիտասարդների 49 տոկոսը (55 տարեկանն անց մարդկանց 27 տոկոսի դիմաց)։

Հարցվածների մեկ երրորդից ավելին (39 տոկոս) չի հավատում Մարսի վրա կյանքի գոյությանը։ Ընդ որում, հանրապետականներն ավելի վատատես են՝ 55 տոկոս դեմոկրատների 32 տոկոսի դիմաց։ 55 տարեկանն անց անձանց թվում միայն 16 տոկոսն է վստահ, որ Կարմիր մոլորակի վրա կյանք կա, իսկ 18-24 տարեկանների շարքում՝ 39 տոկոսը։

Հելոուինի եւ Գոհաբանության օրվա միջեւ ընտրության մասին հարցին 76 տոկոսը ընտրել է վերջինը, իսկ 19 տոկոսը՝ Հելոուինը։ Ընդ որում, Գոհաբանության օրն ավելի նախընտրելի է 55 տարեկանն անց տարիքային խմբում՝ 88 տոկոս, իսկ Հելոուինը՝ 35-44 տարեկանների (33 տոկոս) եւ 25-34 տարեկանների (29 տոկոս) շարքերում։