ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի ոստիկանապետին` քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտելու փաստի առթիվ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Փոստանջյանը` ով այս պահին Վանաձորում է:

Նա նշեց, որ այսօր առավոտյան ոստիկանությունը փակել է Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհը եւ խոչընդոտում է մարդկանց տեղաշարժման իրավունքը: Այս պահի դրությամբ փակ են Ջաջուռի ճանապարհները: Փոստանջյանը դիմել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին` արագ արձագանքման խումբ ուղարկելու ակնկալիքով, սակայն ՄԻՊ գրասենյակից հայտնել են, թե քանի որ այս պահի դրությամբ չկա Մարդու իրավունքների պաշտպան, ապա արագ արձագանքման խումբը չի կարող ժամանել դեպքի վայր, քանի որ դրա համար ՄԻՊ-ի համապատասպան կարգադրությունն է հարկավոր:

 Հիշեցնենք, որ այսօր առավոտից Գյումրիի վրացական համարանիշով մեքենաների վարորդները մտադիր էին Գյումրիից մեկնել Վանաձոր` միանալու այդտեղ ընթացող բողոքի ցույցին: Սակայն ոստիկանությունը որոշել է խոչընդոտել վարորդների տեղաշարժը, այսպիսով խախտելով մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն իր հերթին նշեց, որ անձամբ է անցել Ջաջուռի «փակ» լեռնանցքով, եւ Գյումրի-Վանաձոր M7 մայրուղին հրաշալի վիճակում է գտնվում, մինչդեռ ճանապարհը փակած մոտ 25 ոստիկանները պատճառաբանում են, թե չեն կարող թույլ տալ Գյումրիի վրացական պետհամարանիշներով անցնել լեռնանցքով: Ըստ Բարսեղյանի, ներկայումս Ջաջուռի մոտ 45 մեքենա է կանգնեցվել, որոնք պետք է գնային Վանաձոր եւ միանային Վանաձորում կայանալիք բողոքի ակցիային: