Գյումրիում ավտովարորդների հետ սկսել են պայքարել նաեւ քաղաքի Շահումյան փողոցի «Պինգվին» ՍՊԸ-ում հագուստ եւ կոշիկ վաճառող առեւտրականները: Նրանք բողոքի երթ են կազմակերպել դեպի Գյումրիի հարկային տեսչություն:

«Մեր բողոքն ընդդեմ հարկային մարմինների է: Հերիք չէ մեծ չափերով հարկեր ենք մուծում, դեռ մի բան էլ երբ մտքերով անցնում է, գալիս-տուգանում են»,- ասել է մանր առեւտրով զբաղվող Արեւիկ Իսահակյանը:

Առեւտրականներն նշել են, որ պարբերաբար հարկային տեսուչը հայտնվում է շուկայում, առաջարկում որոշակի գումար վճարել, իսկ երբ հրաժարվում են, սկսում են ստուգումներ ու տուգանքներ կիրառել:

Դրա համար էլ որոշել են պայքարել իրենց իրավունքների համար ու որպեսզի պայքարն արդյունավետ լինի միանում են ավտովարորդներին, որոնք արդեն 10 օր Գյումրիում իրականացնում են բողոքի ավտոերթ:

Նշենք, որ այսօր վրացական համարանիշերով ավտոմեքենաների վարորդները  բողոքի ավտոերթ են անցկացրել դեպի Լոռու մարզ,  որոնց Սպիտակում պետք է միանան նաեւ Լոռու մարզի վարորդները: Սակայն ոստիկանները խոչընդոտել են ավտոերթը Ջաջուռ գյուղի հատվածում: Առայժմ վարորդներին չի հաջողվել հաղթահարել ոստիկանների դիմադրությունը եւ շարժվել Սպիտակ: