Ջաջուռ գյուղում արդեն ճանապարհները բաց են, որոնք փակվել էր ոստիկանների կողմից, որպեսզի գյումրեցի ավտովարորդները չկարողանան հասնել Վանաձոր եւ մասնակցել բողոքի ցույցին:
Ավելի վաղ Գյումրիի ճանապարհային ոստիկանության ղեկավար Արամ Կարապետյանը հանդիպել էր վրացական համարանիշով ավտոմեքենաների տերերի հետ, փորձելով համոզել վարորդներին չշարժվել Լոռու մարզ եւ չմասնակցել բողոքի ավտոերթին:
Կարապետյանը տեղեկացրել է, թե իրեն կարող են զրկել պաշտոնից, ուստի ինքը թույլ չի տա, որ վարորդները Գյումրիից հասնեն Վանաձոր:
Այդպես էլ Գյումրիի ավտովարորդները չեն կարողացել հաղթահարել Ջաջուռ գյուղում ոստիկանների դիմադրությունը: Ոստիկանները մեջքով կանգնել են դեպի Սպիտակ շարժվող մեքենաների դիմաց ու թույլ չեն տվել շարժվել:
Այդուհանդերձ, Սպիտակում վարորդներին հաջողվել է հանրահավաք անցկացնել, իսկ երբ հանրահավաքը ավարտվել է Ջաջուռի հատվածում ճանապարհները բացվել են:
Այժմ արդեն Լոռու մարզի վարորդներն են շարժվում դեպի Ջաջուռ, որտեղ, հավանաբար, նրանց կմիանան նաեւ նոյեմբերյանցի վարորդները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վրացական համարանիշներով մեքենաների վարորդները բողոքում են մաքսային օրենսդրության վերջին փոփոխությունների դեմ, որոնց համաձայն վրացական համարանիշներով մեքենաները կարող են Հայաստան մուտք գործել միայն մեկ անգամ՝ 15 օրով:



























