Ղարաբաղյան հակամարտության շուրջ աճող լարվածությունը անհանգստություն է առաջացնում:  Այդ մասին փետրվարի 15-ին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

«Մինսկի խմբի ակտիվ մասնակցության միջոցով այս ձգձգվող հակամարտության կարգավորմանը հասնելու ԵԱՀԿ դերը կպահպանվի: Ես կողմերին կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ` ներառյալ շփման գծում դիպուկահարների անհապաղ դուրսբերումը եւ մոնիտորինգի գծով ԵԱՀԿ գործունեության ամրապնդումը»,- ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքի` ասել է Աժուբալիսը:

Նրա խոսքով` Լիվտավի նախագահությունը կնպաստի Հարավային Կովկասի` հակամարտությունների գոտում գտնվող  համայնքների միջեւ վստահության ամրապնդմանը եւ լարվածության թուլացմանը: