Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու բարեկարգման աշխատանքները իրականացնելու նպատակով «Վարդանյան ընտանիք» հիմնադրամին  տրամադրված ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2019թ.–ի մայիսի 1–ը։ Այս որոշումն այսօր՝ նոյեմբերի 13–ին, կայացրել է Երեւանի ավագանին։

Որոշման նախագիծը ներկայացնելիս քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ կատարել են այգու 2 միլիարդ 300 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ: Նրա խոսքով, այժմ իրականացվում են այգու վերեւի հատվածում սալիկապատման աշխատանքները։

Ինչ վերաբերում է տարածքի ծառերի հետ կապված ավագանու անդամների անհանգստությանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ այսօր ժամը 19:00 –ին հանդիպելու են այգու բարեկարգմամբ զբաղվող ընկերության հետ եւ ուշադրության կենտրոնում են պահելու ծառերի հարցը

«Ինձ համար նույնպես սկզբունքային հարց է այդ ծառերի խնդիրը»,-ասաց նա: