Ֆրանսիական Էրո (Hérault) դեպարտամենտում սեպտեմբերի 20-ին, կիրակի օրը, ձերբակալվել է 51-ամյա մի տղամարդ, ով կասկածվում է նախագահ Նիկոլյա Սարկոզին սպառնալիքներով եւ փափուշտներով լցված նամակ ուղարկելու մեջ:

Այս տեղեկությունը հայտնում է «Figaro»-ն` հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով` կասկածյալին կարողացել են գտնել ԴՆԹ համեմատական անալիզի օգնությամբ: Պարզվել է, որ հանցագործը տեղի հրաձգարանի նախկին աշխատակիցն է, ով ներկայումս առանց աշխատանքի է մնացել` հաշմանդամություն ունենալու պատճառով:

Վերջին շաբաթվա ընթացքում ոստիկանները կարողացել են գտնել եւ բռնագրավել 4 նմանատիպ նամակներ՝ ուղղված Ֆրանսիայի նախագահին: Նույն բովանդակությամբ եւ պարունակությամբ եւս երկու նամակ ուղղված է եղել երկու այլ քաղաքական գործիչների:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, հանցագործները սպառնացել էին հաշվեհարդար տեսնել քաղաքական գործիչների նկատմամբ եւ պահանջել էին ազատ արձակել Ժյուլիեն Կուպին, ով մեղադրվում է երկաթուղային գծերը վնասելու մեջ եւ ազատության համար պայքարող կորսիկացի Իվան Կոլոնային`ոստիկանապետի սպանության մեջ մեղադրվողին: