Հայաստանի դատախազության փետրվարի 12-ի կոլեգիայի նիստի ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դատախազներին տված աշխատանքային ցուցումների ժամանակ շեշտել է նաեւ դատախազների կողմից էթիկայի նորմերի պահպանման եւ կարգապահության խնդիրները, նշելով, որ նրանք իրենց պահվածքով չպետք է թույլ տան որեւէ խախտում, որը կարող է բիծ գցել դատախազի կերպարի վրա, տեղիք տալ շահարկումների եւ ասեկոսեների:

Աղվան Հովսեփյանը որպես վերջին թարմ օրինակ բերեց մամուլի հրապարակումներից մեկը, որտեղ նշվել էր, թե իբրեւ նորանաշանակ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը բջջային հեռախոսով փորձել է մտնել իր աշխատասենյակ,  եւ երբ ինքը նկատողություն էր արել, որ հեռախոսով չի կարելի, Կոստանյանը թողել եւ հեռացել էր: «Այնինչ` իրականում եղել էր ճիշտ հակառակը, որ երբ զինվորական դատախազը բջջային հեռախոսը ձեռքին էր ներս մտել, ես նրան դիտողություն արեցի, որ չի կարելի հեռախոսով ներս մտնել, եւ Գեւորգը, որը կիրթ անձնավորություն էր, ներողություն խնդրեց, անմիջապես դուրս եկավ ընդունարան, հեռախոսը թողեց այնտեղ եւ ներս եկավ զեկուցելու»,-նշել է Աղվան Հովսեփյանը:

Հ.Գ. Նշենք, որ ավելի վաղ դատախազությունը հերքել էր, թե Աղվան Հովսեփյանի եւ Գեւորգ Կոստանյանի միջեւ նման միջադեպ էր եղել: Անդրադառնալով մամուլի հրապարակումներից մեկին, թե Գեւորգ Կոստանյանը նկատողությունից հետո լքել է դատախազությունը, մամուլի ծառայությունը հայտնել էր, որ այդ հրապարակումը բացարձակ կեղծ եւ շինծու  է: «Նկարագրված դեպքը չէր կարող տեղի ունենալ այն պարզ պատճառով, որ  ՀՀ գլխավոր դատախազի մոտ ՀՀ գլխավոր դատախազի ենթակաների մուտքը կանոնակարգող հստակ նորմեր են գործում, որոնցով արգելվում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի մոտ մուտք գործել բջջային հեռախոսներով, եւ դրանք պարտադիր կատարման ենթակա են ՀՀ դատախազության բոլոր աշխատակիցների` այդ թվում նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի համար»,- ասված էր ավելի վաղ տարածված հաղորդագրության մեջ: