Հայաստանում առկա սոցիալական իրավիճակը իր մեջ պայթյունավտանգության տարր է պարունակում:  Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքով`Հայաստանի տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ ապագայում չափազանց լուրջ խնդիրների առաջ է կանգնելու:  Դա են վկայում տարբեր հեղինակավոր վեևրլուծաբանների կանխատեսումները:

«Մինչդեռ Հայաստանի իշխանությունները չեն փորձում այդ լարվածությունը թուլացնել: Իսկ իմ գնահատականով , իրենց ոչ համարժեք գործողություններով էլ ավելի են սրում այս չափազանց լարված իրավիճակը»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը: Նա նաեւ հավելեց, որ այս ամենի մասին շատ ավելի մանրամասն կխոսվի փետրվարի 18-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքում:

Դավիթ Շահնազարյանը հայտարարեց նաեւ, որ միակ քաղաքական ուժը, որը հանդես է  գալիս Հայաստանում կայություն ապահովելու դիրքերից, դա Հայ ազգային կոնգրեսն է: Այն վայելում է հասարակության մեծամասնության աջակցությունը:  «Կոնգրեսն իր առջեւ դրել է մի խնդիր, որ բոլոր, այդ թվում եւ սոցիալական խնդիրները հաղթահարելու միակ տարբերակը իշխանափոխությունն է, այլ ճանապարհ չկա: Բոլոր փոքր ու մեծ սոցիալական շարժումները, որոնք կան եւ ձեւավորվում են, սոցիալական պահանջներ առաջ քաշելով հաջողության չեն հասնի, քանի որ  բացառապես քաղաքական խնդիրները լուծելու շնորհիվ է, որ կարելի է հասնել նաեւ սոցիալական խնդիրների լուծման»,-հայտարարեց Շահնազարյանը: