Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին (Կեչուտի ջրամբարի հատված) փետրվարի 15-իի երեկոյան ժամը 18-ի սահմաններում «Կիա Ռիո» ավտոմեքենան մխրճվել է ձնակույտի մեջ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարարները: Հ.Հարությունյանին պատկանող «Կիա Ռիո» մակնիշի 955 ԼՕ 64 համարանիշով ավտոմեքենան ձնակույտից դուրս բերել չի հաջողվել: Ժամը 19.02-ին օգնության է մեկնել Ջերմուկ քաղաքի մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ մոտակայքով անցնող թրթուրավոր տրակտորի օգնությամբ «Կիա Ռիո» ավտոմեքենան դուրս է բերվել ձնակույտից:
Ժամը 19.25-ին, վերադարձի ճանապարհին, Ջերմուկ քաղաքի մարտական հաշվարկը նկատել է ձնակույտի մեջ հայտնված «ՎԱԶ-2106» մակնիշի 13 ՍՍ 824 համարանիշով ավտոմեքենան, որում գտնվել են վարորդը եւ մեկ ուղեւոր: Քարշակման միջոցով ավտոմեքենան տեղափոխվել է Ջերմուկ քաղաք:





























