Հայաստանում կրոնի կամ դավանանքի ազատության օրենսդրական դաշտի հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ ոլորտում միջազգային փորձագետների կողմից տրամադրված իրավական կարծիքը կլինի ԵԱՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման առանցքում, որը տեղի կունենա փետրվարի 17-ին Երեւանում:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» եւ ՄԱԿ Հանրային տեղեկատվական վարչության երեւանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը կմասնակցնեն պետական կառույցների, քաղաքացիական հասարակության եւ կրոնական կազմակերպությունների, միջազգային հանրության ներկայացուցիչներ:
Մասնակիցները կքննարկեն Հայաստանում կրոնի կամ դավանանքի ազատության կարգավորման դաշտի ներկայիս իրավիճակը, խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքում նաեւ հարակից օրենքների, վերջին փոփոխությունները, 2010 թ, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ միջանկյալ համատեղ եզրակացությունը որը անդրադառնում է միջազգային ստանդարտներին եւ համապատասխան ՄԻԵԴ նախադեպին:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Դեսպան Սերգեյ Կապինոսը հանդես կգա բացման ելույթով: Միջոցառման բանախոսներն են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեն, ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցչի պաշտոնակատար Արմինե Հալաջյանը, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» անդամ Հայաստանի հելսինկյան կոմիտե ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը:




























