Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցների տեսադաշտում օրերս հայտնվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր:

ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է գիշերային ակումբ, որը գործել է հարկային դաշտից դուրս: Ապօրինի գործունեությունը ծավալել էր քաղաքացի Վաղինակ Գրիգորյանը` մայրաքաղաքի Արշակունյաց  34 հասցեում: Համապատասխան պետական գրանցում չունեցող գիշերային ակումբը գործել է կարճ ժամանակ:

Մյուս դեպքում էլ հայտնաբերվել է կաշվի արտադրամաս, որը պատկանել է «Հսկա ցուլ» ՍՊԸ-ին: Ապօրինի ձեռնարկատիրությունը ծավալվել էր Շիրակի 94 հասցեում, այն դեպքում, երբ ընկերությունը չի դիմել հարկային տեսչություն` հաշվառման գրքեր ստանալու համար: Հարկային մարմինների այցելության պահին արտադրամասում հայտնաբերվել է խոշոր եղջերավոր կենդանու  երեք տոննա կաշի: Պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է: