Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները առայժմ ընդհանուր հայտարարի չեն եկել առաջիկա քայլերի համակարգման ուղղությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով, ներկայումս երկու կուսակցությունների միջեւ ինտենսիվ բանակցություններ են ընթանում տարբեր հարցերի շուրջ, սակայն կոնկրետ որոշումների դեռ չեն հանգել:

Պատասխանելով հարցին, արդյոք գոյություն ունի՞ համագործակցության նոր հուշագիր, Սահակյանն ասել է. «Հուշագիրը, հայտարարությունը կամ այլ փաստաթղթերը բանակցությունների միայն տեխնիկական բաղադրիչն են: Ներկայումս երկու քաղաքական ուժերը միայն փորձում են հստակեցնել դիրքորոշումները մի շարք հարցերով: Արդյոք այդ գործընթացի արդյունքները կամրագրվի թղթի կամ պապիրուսի վրա, ցույց կտա ժամանակը»:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ տարաձայնությունները սկսվեցին, երբ ԲՀԿ-ն հրաժարվեց հստակեցնել իր դիրքորոշումը 2013թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ: