Ավարտվել են «Հայ ժողովրդի պատմություն» քառհատորյակի ստեղծման աշխատանքները: Արդյունքները փետրվարի 16-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի լրատվական ծառայությունից:

Ըստ նրանց տրամադրած տեղեկատվության՝ հիմնարար աշխատությունը նկարագրում է հայոց պատմությունը` սկսած հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը` ներառելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են էթնոդեմոգրաֆիական, ազգային-ազատագրական շարժումների, հայկական կուսակցությունների հարցերը եւ այլն:

«Հայ ժողովրդի պատմություն» քառհատորյակի ստեղծումը պետական նպատակային ծրագիր է, որում ներգրավված են 90-ից ավելի գիտնականներ ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներից, Մատենադարանից, Երեւանի պետական համալսարանից, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանից: Առաջին հատորները լույս կընծայվեն արդեն իսկ 2011թ.: Նախատեսվում է նաեւ քառհատորյակի հակիրճ հրատարակում ռուսերեն եւ անգլերեն: