2010-ը Զարգացման հայկական գործակալության համար բավական դրական տարի էր՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ տարին հետճգնաժամային էր։ Փետրվարի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։

Նրա խոսքով, նախորդ տարում հավասարապես հաջողված են եղել թե՜ ներդրումային, թե՜ արտահանման ծրագրերը։ «Անցած տարվա ընթացքում Զարգացման գործակալությունը նախանշել էր թիրախային ոլորտներ, ինչպես օրինակ, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շինարարության, էներգետիկայի, ինչպես նաեւ զբոսաշրջանային ենթակառուցվածքների զարգացման բնագավառները։ Վերոնշյալ հիմնական ուղղություններով մենք 2010-ի ընթացքում կարողացել ենք ապահովել մոտ 4,5 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ, եւ մոտ 3,5 մլն դոլարի արտահանում»,- տեղեկացրեց Հարությունյանը։

Ներդրումային ծրագրերի շարքում առանձնացնելով մաքուր մագնեզիումի արտադրության եւ սապֆիրի բյուրեղիկների աճեցման նախագծերը,  նա կարեւորեց նաեւ Հայաստանում կառուցվող արագացուցչի ծրագրին իրենց գործակալության մասնակցության փաստը։

Ամփոփելով՝ Հարությունյանը տեղեկացրեց, որ գործակալությունը 2010-ին անգործ չի մնացել նաեւ զբոսաշրջության զարգացման հարցում։ «Սպասվում է, որ արդեն այս տարի իրանական կողմի հետ կնքված նախնական պայմանագրի հիման վրա Երեւանում «Թեհրան» անունով երեք աստղանի  հյուրանոց կկառուցվի՝ նախատեսված հատուկ իրանցի զբոսաշրջիկների համար։ Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 7 մլն դոլար է, որից 1,5 մլն դոլարը կներդնի հայկական, մյուս մասը՝ իրանական կողմը»,- նշեց Հարությունյանը։