Զարգացման հայկական գործակալությունը սերտ կապերի մեջ է հայկական դեսպանությունների հետ, ինչը նրան օգնում է ավելի լավ կազմակերպել Հայաստանից տարատեսակ ապրանքատեսակների արտահանման գործը։ Փետրվարի 16-ին լրագրողներ հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը՝ առանձնացնելով հատկապես «Հայկական պանիր» ծրագրի առկայությունը։
«2010-ին կարողացանք այդ ապրանքանիշը Ռուսաստան արտահանելու թույլտվություն ստանալ։ Մեր գործակալության եւ արտասահմանյան ընկերությունների բանակցությունների շնորհիվ՝ «Հայկական պանիրն» այսուհետ հնարավոր կլինի արտահանել նաեւ ԱՄՆ»,- նկատեց Հարությունյանը։ Նրա խոսքով, թեպետ 2010 թվականին Հայաստանում պանրի գների թանկացման եւ այդ ապրանքատեսակի դեֆիցիտի պատճառով 140 տոննա (ըստ նախատեսված չափի) պանիրն այդպես էլ Ռուսաստան չի առաքվել, սակայն կան բոլոր նախադրյալները, որպեսզի 2011-ին այդ բացը լրացվի։
Անցած տարվա մյուս կարեւոր ձեռքբերումը գործակալության տնօրենը համարեց «Շանհայ-2010» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության փաստը։ «Չինաստանում կարողացանք ոչ միայն աշխատանքներ տանել երկրի հեղինակության բարձրացման ուղղությամբ, այլ նաեւ մի շարք արտասահմանյան ընկերությունների համոզել ներդրումներ անել Հայաստանում։ Օրինակ, մեր պայմանավորվածություններից մեկի հիման վրա այսուհետ հայկական օրգանական հյութեր եւ գինի պետք է արտահանվի Չինաստան»,- ամփոփեց Հարությունյանը։
Նշենք, որ «Հայկական պանիր» ծրագիրը Զարգացման հայկական գործակալության կողմից սկսել էր մշակվել դեռեւս 2008-2009 թվականներին՝ առանձնակի թափ հավաքելով 2010-ին։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթներից մեկում հույս էր հայտնել, որ շնորհիվ այդ ծրագրի՝ հայկական պանիրը կսկսի նվաճել աշխարհը:





























