Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 16-ին հաստատել է «Ապագա Թեքնոլոջիս» ընկերության` Միշել Դավուդյանին պատկանող բաժնետոմսերի 75 տոկոսը ՀՀ քաղաքացի Միշա Անտոնյանին օտարելու մասին որոշումը:

Նման որոշում կայացվել է բաժնետերերի կողմից, ընկերության շահերից ելնելով, եւ դա ընդամենը տեխնիկական անհրաժեշտություն էր։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության գլխավոր հաշվապահ Միքայել Անտոնյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը ոչ միայն բնականոն աշխատում է, այլեւ շարունակում է ընդլայնել իր գործունեությունը։ Ընկերությունը կշարունակի գլխավորել Միշել Դավուդյանը:

Տեղեկացնենք, որ ընկերությունը հիմնադրվել է 2007թ. Գյումրիում։ 2009 թ. ամռանը բացվել է երեւանյան գրասենյակը: Ընկերությունն առաջարկում է տեղեկատվական անվտանգության ծառայություններ՝ աուդիտ, ՏՏ անվտանգության խորհրդատվություն, ցանցերի եւ համակարգերի նախագծում եւ տեղադրում։ Մատուցվող ծառայություններից են նաեւ հատուկ ընտրված ապարատային եւ ծրագրային լուծումները՝ բանկերին, վարկային կազմակերպություններին, ներդրումային եւ ապահովագրական ընկերություններին, արժեթղթերի շուկայի մասնակիցներին, վճարային համակարգերին, կարգավորող կառույցներին: 2010 թվականի հունվարին «Ապագա Թեքնոլոջիսը» հեռահաղորդակցական ենթակառույց ձեռք բերեց, որը պատկանում է «Շիրակ Թեքնոլոջիսին»` Շիրակի մարզում ինտերնետ-ծառայությունների մատուցման առաջատար ընկերությանը: