Հայաստանի կառավարությունը որոշել է վերջապես խառնվել արդեն բազում տարիներ ավերակների վերածված «Դվին» հյուրանոցի կառուցապատման գործին։
Հիշեցնենք, որ 2003 թ. հյուրանոցը 3 մլն դոլարով վաճառվել է «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը, որի սեփականատերերից մեկը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ռուսական էստրադայի հայտնի աստղ Իոսիֆ Կոբզոնն է։ Գնորդը խոստացել էր 5 տարում կառուցել 5 աստղանի հյուրանոց՝ ներդնելով առնվազն 30 մլն դոլար, սակայն մինչ այսօր որեւէ լուրջ ներդրում չի իրականացվել:
Կառավարությունը որոշել է հերթական շանսը տրամադրել հյուրանոցի սեփականատերերին՝ որպես ներդրումների վերջնաժամկետ է սահմանվել 2014 թ.։ Եթե սահմանված ժամկետներում ներդրումները չկատարվեն՝ ապա սեփականատերը պարտավոր է վճարել տուգանք՝ չկատարված ներդրումների 10 տոկոսի չափով;
2014 թ. հետո կառավարությունն իրեն իրավունք է վերապահում դատական կարգով բռնագանձել «Դվին» հյուրանոցը, եթե, այնուամենայնիվ, «Դվինը» կառուցված չլինի:
Ըստ կառավարության հաղորդագրության՝ «Կովկասյան կոմունիկացիոն խումբը» ընդունել է բոլոր պահանջները եւ պարտավորվել մինչեւ 2013 թ. իրականացնել անհրաժեշտ ներդրումներ։





























