«Միավորված Կովկաս» պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի եւ Վրաստանի նախաձեռնությունն ավելի շուտ քաղաքական ինտրիգ է, սակայն տարածաշրջանային հակամարտությունների առկայության պարագայում այդ ինտրիգի իրականացումը շատ մշուշոտ է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։
Նա ընդգծեց, որ այս նախաձեռնությունն անհամաչափ պատասխան է Ռուսաստանին եւ Հայաստանի հետ նրա գործընկերային հարաբերություններին։ «Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա այս նախաձեռնությամբ փորձում է տարածաշրջանային գերտերություն դառնալ»,- նկատեց Ալավերդյանը։ Նա նաեւ նշեց, որ Թուրքիայի այս նախաձեռնությունը պատասխան է ԵՄ-ի վարած քաղաքականությանը։
Նշենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն օրերս «Միրավորված Կովկաս» ծրագրի վերաբերյալ հարցեր էին քննարկել։ Վրաստանի նախագահի խոսքով, բաց սահմաններըԿովկասի ժողովրդի համար շատ կարեւոր հանգամանք են ոչ միայն տնտեսական եւ մշակութային, այլեւ մարդկային հարաբերությունների առումներով, եւ որ Վրաստանը կարող է ամբողջ Կենտրոնական Ասիայի եւ Թուրքիայի համար կարեւոր տնտեսական օղակ դառնալ։




























