Գյումրիի ոստիկանները այսօր՝ փետրվարի 17-ի առավոտյան ժամը 07:30-ից ծայրից-ծայր փակել են քաղաքի կենտրոնական Սայաթ-Նովա փողոցը, որը Գյումրիում ունի նույն նշանակությունը, ինչ Երեւանում Մաշտոցի պողոտան:

Ինչպես Գյումրիից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, այսօր վաղ առավոտից մեծ թվով ոտիկանական ջոկատներ են բերվել Երեվանից ու այլ մարզերից , արտակարգ ռեժիմով են աշխատում նաեվ Շիրակի մարզի ոստիկանական բաժանմունքները վաղ առավոտից:

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը  NEWS.am-ին հայտնեց, որ Սայաթ-Նովա փողոցում են 25 ոստիկանական մեքենաներ եւ 150 ոստիկաններ՝ տարբեր ստորաբաժանումներից: Նրանք չեն թողնում դեպի Երեւան ավտոերթի գնացող մեքենաները փողոցից դուրս գան:

Բանն այն է , որ երեկ  Գյումրիի տեղական հեռուստաընկերությունններով եթեր հեռարձակվեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի հաղորդագրությունը այն մասին, որ վրացական պետհամարանիշով ավտոմեքենաների վարորդները պատրաստվում են հանրահավաք անցկացնել ու մեկնել Երեւան `կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի: Դեռ գիշերվանից ամբողջ Գյումրին լեցուն էր ոստիկանական ջոկատներով :

Լ. Բարսեղյանի փոխանցմամբ, ժողովուրդը քիչ-քիչ հավաքվում է Սայաթ Նովա փողոցում, ոստիկանները ոչ մի բացատրություն չեն տալիս եւ անգիր սերտել են «No Comment» արտահայտությունը: Վանաձորից լուրեր են ստացվում, որ նույն վիճակն է նաեւ այնտեղ:

Ի դեպ, ոստիկանները «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանից խլել են ավտոմեքենայի բանալիներն ու փախել: