Հայաստանի Հանրապետությունն, ի դեմս  Արդարադատության նախարարության եւ ՔԿՀ վարչակազմը հետեւողականորեն եւ կոպտորեն խախտում են Նիկոլ Փաշինյանի  նամակագրության եւ դիմումներ, բողոքներ ուղարկելու իրավունքը: Այս մասին ասված է ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական  դիտորդների խմբի ներկայացրած հրատապ հաշվետվությունում:  Այն այսօր` փետրվարի 17-ին լրագրողներին ներկայացրին Դիտորդական խմբի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ու Խմբի անդամ Էդմոն Մարուքյանը:

Նրանք Փաշինյանի նամակագրության իրավունքի խախտման դեպքերն ուսումնասիրելու նպատակով առաջին անգամ «Արթիկ» ՔԿՀ են այցելել 2011 թվականի հունվարի 9-ին` կիրակի օրը: Նշված այցելության ժամանակ խմբի անդամները պարզել են, որ Փաշինյանը փակ ծրարներով առնվազն 10 նամակ է հասցեագրել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն, որոնցից ոչ մեկը չի ուղարկվել եւ նշված նամակները պահվել են «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմի մոտ:

Այդ նամակները նաեւ որեւէ տեղ չեն գրանցվել եւ հետագայում դրանց վերաբերյալ  «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմի պարզաբանումը եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանը որեւէ նամակ իրենց չի հանձնել: Նույն այցելության ժամանակ դիտորդական խմբի անդամները պահանջել  են, որպեսզի իրենց ներկայությամբ Նիկոլ Փաշինյանի` «Հայկական Ժամանակ»-ին հասցեագրված նամակը «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմը ստանա եւ գրանցի ուղարկելու նպատակով, ինչը կատարվել է:  Խմբի անդամների ներկայությամբ «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմի ներկայացուցիչն ստացել է նամակը եւ գրանցել համապատասխան գրանցամատյանում, իսկ մի քանի օր անց ՀԺ-ի խմբագրությունը ստացել է Փաշինյանի ուղարկած ծրարը:

Որոշ ժամանակ անց պարզելով, որ  «Արթիկ» ՔԿՀ-ի վարչությունը շարունակում է հրաժարվել ընդունել եւ առաքել Փաշինյանի նամակները, անգամ` պաշտոնական գրությունները, դիտորդական խմբի անդամները կրկին այցելում են ՔԿՀ: Այցելությունը տեղի է ունենում փետրվարի 12-ին, շաբաթ օրը, որի ընթացքում Խմբի անդամները պարզում են, որ Փաշինյանի  5 նամակները «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմը հրաժարվում է  ստանալ եւ առաքել, որոնց մեջ է նաեւ Դիտորդական խմբին հասցեագրված նամակը: Ինչպես նախորդ անգամ, դիտորդական խմբի անդամները ՔԿՀ-ի օրվա հերթապահին եւ մյուս աշխատակիցներին առաջարկում են ստանալ ծրարները եւ գրանցել համապատասպան գրանցամատյանում, սակայն «Արթիկ» ՔԿՀ-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ գրանցամատյանը պահվում է չհրկիզվող խահարանում եւ այն բերել հնարավոր չէ: Դիտորդական խմբի անդամներն առաջարկում են արձանագրություն կազմել նամակները ստանալու մասին: Սակայն ՔԿՀ-ի ներկայացուցիչները հայտնում են, որ իրենք իրավասու չեն արձանագրություն կազմել եւ ստանալ Փաշինյանի 5 նամակները:        

Ի դեպ, ՔԿՀ վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ եւ անդրադառնալով Դիտորդական խմբի փետրվարի 12-ի այցելությանը նշել է, որ Փաշինյանի նամակները չեն ընդունվել, քանի որ փետրվարի 12-ը ոչ աշխատանքային օր է եւ ՔԿՀ-ի աշխատակազմը այդ օրը չի աշխատել: «Եթե ՔԿՀ աշխատակազմը շաբաթ- կիրակի չի աշխատում, ապա ՔԿՀ-ն փակեք, դատապարտյալներին ուղարկեք տները, վարչակազմը թող գնա իր տուն, եւ հետո երկուշաբթի օրը նորից կհավաքվեն ու կշարունակեն աշխատել: Սա աբսուրդի վերջին աստիճանն է»,-հայտարարեց Սաքունցը: