Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքէջի «Խորհուրդներ ճանապարհորդներին» բաժնում  ֆրանսիացիներին խորհուրդ է տալիս խուսափել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի մերձակա գոտի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելելուց: Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ սահմանային գոտում պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, Սյունիքի մարզում առկա է նաեւ ականների վտանգը:

«Լեռնային Ղարաբաղը եւ առավել եւս Ադրբեջանի օկուպացված տարածքները վտանգավոր գոտի են կազմում: Անջատողական միավորումը ճանաչված չէ որեւէ պետության կողմից, եւ մենք չենք կարող ապահովել մեր քաղաքացիների հյուպատոսական պաշտպանությունը», - Հայաստանին վերաբերող տեղեկատվության մեջ նշում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը` հայտնելով նաեւ, որ հայ - թուրքական սահմանը փակ է Ղարաբաղյան հակամարտության պատճառով` չնայած 1994 թվականին կնքված հրադադարին:

Նույն բաժնի Ադրբեջանին վերաբերող տեղեկատվության մեջ Լեռնային Ղարաբաղը ներկայացվում է որպես «մեծամասամբ հայ բնակչությամբ տարածք Ադրբեջանի սրտում», ասված է նաեւ, թե «ադրբեջանական տարածքի մոտ 20 տոկոսը օկուպացված է»: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: