Չնայած Ադրբեջանի չդադարող ռազմաշունչ հայտարարություններին եւ ռազմատենչ հռետորաբանությանը՝ Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը իջել է, սակայն զրոյի չի հավասարվել։ Փետրվարի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» տեղեկատվական ծրագրի տնօրեն Կարեն Բեքարյանը՝ նշելով, որ ներկայումս աշխարհում կատարվում են իրադարձություններ, որոք ղարաբաղյան հարցը մղում են երկրորդ պլան:
Բեքարյանի կարծիքով, Աստանայում կայացած հանդիպումն այն պլատֆորմն էր, ուր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը զսպաշապիկ դարձավ Ադրբեջանի համար։ «Ֆոնային բոլոր գործընթացները ցույց են տալիս, որ չկա մի կողմ, որը կսատարեր տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսմանը՝ չհաշված Թուրքիային»,- ասաց նա:
Բեքարյանը նաեւ նշեց, որ վաղուց արդեն եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանը եւ Ղարաբաղը՝ որպես պետություն եւ հասարակություն, ղարաբաղյան հարցի լուծման համար կարողանան օգտագործել բոլոր ուղղակի եւ անուղղակի գործոնները:





























