Հայաստանյան ընտրազանգվածը բաղկացած է իշխանամետներից, բողոքավորներից եւ մերժողներից, ընդ որում ամենամեծ՝ 39 տոկոսը, կազմում են իշխանամետները։ Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

«Ինչ վերաբերում է բողոքավորներին եւ մերժողներին, ապա նրանք կազմում են բոլոր ընտրողների համապատասխանաբար 26 եւ 35 տոկոսները»,- նշեց սոցիոլոգը։ Նրա համոզմամբ, իշխանամետները պատրաստ են իրենց ձայնը տալ նրան, ում իշխանությունը պահպանելու ընդունակ ամենազորեղ ուժ կհամարեն։ «Բողոքավորները, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, իրենց քվեները տալիս են այն կուսակցություններին, որոնք առավել լրջորեն են հետամուտ լինում իր դժգոհություններին։ Մերժողների մեծ մասն ընտրություններին չմասնակցելու միտում ունի, սակայն կախված նրանից, ինտրիգներ կլինեն, թե ոչ՝ այդ մարդիկ, այնուամենայնիվ, կարող են մասնակցել ընտրություններին»,- նկատեց Ադիբեկյանը։

Ամփոփելով՝ նա նշեց, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կարող են ստանալ իշխանամետ ձայների որոշ մասը, իսկ «բողոքավոր դաշտի քառորդ մասը» ոչ Հայ ազգային կոնգրեսին, ոչ ՀՅԴ-ին, ոչ էլ «Ժառանգությանը» ձայն չի տա, քանի որ սպասում է իր «Մովսեսին»։