Լեռնային Ղարաբաղում պատերազմի սպառնալիքը մնում է, եւ հիմնական խնդիրը Ղարաբաղի շուրջ տարածքների հարցն է: Այդ մասին օնլայն-ասուլիսում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Թորգուլ Ջուվարլին: Նրա խոսքով, ցանկացած կոշտ դիրքորոշում մեծացնում է ռազմական լուծման հավանականությունը, ինչն, անխոս, աղետալի կլինի ողջ Հարավային Կովկասի համար:
«Որպեսզի դա չլինի, պետք է քայլ առ քայլ ամրապնդել վստահության նվազագույն միջոցները, այլ ոչ թե հակամարտող կողմերից պահանջել, գրեթե ճնշել, որ ուժի չկիրառման մասին պիոներական հայտարարություններ անեն: Երբ ես խոսում եմ վստահության հաստատման մասին, նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի շուրջ «Ազատագրված տարածքների» պես տերմինաբանական խաղերի դադարեցումը: Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի հասկացությունն արդեն իր ժամանակին բավական սուր արձագանք էր գտնում Ադրբեջանում, իսկ «ազատագրված տարածքներ» բառերը վրդովեցուցիչ են: Նույնպես անհասկանալի է, երբ բանակցային գործընթացի նման թափի պայմաններում, երբ անգամ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներն են կոչեր անում, որեւէ կերպ չի հաջողվում պայմանավորվել ճակատային գծից դիպուկահարների հետկանչի վերաբերյալ: Մարդիկ են մահանում, եւ դա երբեք չի ավարտվի»,- նկատել է փորձագետը:
Պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե եթե Ադրբեջանն անկեղծորեն ցանկանում է խաղաղ կարգավորում, ինչո՞ւ է միջազգային հանդիպումներում պնդում երեք սկզբունքների հիման վրա հակամարտությունը կարգավորելու պատրաստակամության մասին, իսկ Բաքվում խոսում պատերազմը վերսկսելու մտադրության մասին, քաղաքագետը պատասխանել է, թե արդեն ծերացել է նման հարցի քննարկումներում:





























