Գարու արտադրությունը զարգացնելու նպատակով կառավարությունն այսօր՝ փետրվարի 17-ին հաստատեց գարու արտադրության զարգացման ծրագիրը։
Դրանով նախատեսվում է գյուղատնտեսության նախարարությանը 660 մլն դրամ (մոտ 1,8 մլն դոլար) հատկացնել՝ 2000 տոննա սերմացու ներմուծելու եւ գյուղացիներին անվճար բաժանելու համար։ Մասնավորապես՝ Ուկրաինայի «Սելենա» ընկերությունից կգնվի «Հելիոս», «Կոմանդոր», «Վոդոգրայ», «Գետման» եւ «Վակուլա» սորտեր։
Սերմացուն կհատկացվի 0.3 եւ ավելի հողատարածք ունեցող տնտեսավարողներին։ Առավելությունը կտրվի` բարձր լեռնային համայնքներին, սահմանամերձ համայնքներին, ռիսկային գոտում գյուղատնտեսություն վարող համայնքներին, մեկ տարուց ավել չմշակված հողատարածքներին:
Նշենք, որ 2009 թ. Հայաստանում գարի ցանվել է 62 հազ. հա-ի վրա, ստացվել է 117 հազ. տոննա բերք։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ սերմացուն գյուղացիներին է տրամադրվելու անվճար, որպես սոցիալական փաթեթ։ Սերմացուի տեսքով այդ օժանդակությունն ստանալու է 14 հազար գյուղացիական տնտեսություն։ Ծրագրի շնորհիվ զգալիորեն կընդլայնվեն մշակվող հողատարածությունները։ Չի բացառվում, որ պահանջարկի դեպքում ներկրվելիք սերմացուի քանակն ավելանա եւս հազար տոննայով։




























