NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Համաշխարհային էկոնոմիկայի ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի (ՀԷՄՀԻ) ավագ գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վիկտոր Նադեին-Ռաեւսկին։

Վիկտոր Անատոլեւիչ, Հայաստանն ու Թուրքիան ձեռնարկում են հաշտեցման պատմական փորձ, որի հետեւանքը պետք է դառնա միջպետական հարաբերությունների հաստատումը։ Ձեր կարծիքով, որքանո՞վ է անկեղծ Թուրքիան այդ գործընթացում։ Որքանո՞վ է լուրջ նրա շահագրգռվածությունը այդ գործընթացի հաջող ավարտի հարցում։

Թուրքիան բազմապլան քաղաքականություն է վարում, եւ այդ քաղաքականությունը ամենեւին էլ այդքան թափանցիկ չէ, ինչպես ցանկանում են ցույց տալ թուրքերը։ Մյուս կողմից դա բազմանպատակ հարված է։ Հարված, քանի որ այն քանդում է թուրքական հասարակությունում ու պետությունում ձեւավորված կաղապարները։ Գործընթացը բավականին բարդ է, եւ հարկ է լինում ժամանակ առ ժամանակ այն հետ մղել Ադրբեջանի դիրքորոշման, ինչպես նաեւ հենց թուրքական վերնախավում առկա տարբեր մոտեցումների պատճառով։ Լիակատար համաձայնություն չկա։ Սակայն ամենակարեւորն այն է, թե ինչի՞ն է ուղղված այդ պայքարը։ Նախեւառաջ, իհարկե, դա Եվրոպան է, դա բանակցային լայն շրջանակ բացելու եւ արդյունքում ԵՄ-ի կազմում ընդգրկվելու ձգտումն է։ Այս առաջնահերթությունը Թուրքիայում երբեք չեն մղում երկրորդ պլան։ Եվ դա, իհարկե, շատ կարեւոր է։

Այդ կապակցությամբ թուրքերը Եվրոպայի վրա ճնշում գործադրելու շատ հետաքրքիր ոլորտներ են գտել։ Էներգետիկ «հանգույցի» գաղափարով Եվրոպային շահագրգռելու լուրջ փորձեր են ձեռնարկվում, որի դերում կարող է հանդես գալ Թուրքիան՝ այլընտրանքային խողովակաշարերի կառուցման հնարավորությամբ։ Այդպիսով, Թուրքիան, իհարկե, շատ լուրջ տեղ կզբաղեցնի եվրոպական քաղաքականության մեջ՝ ունենալով Ուկրաինայից առաջ անցնելու բոլոր հնարավորությունները։

Ընդ որում, իհարկե, թուրքերը չեն մոռանում նաեւ իրենց մասին։ Համաեւրոպական NABUCCO գազամուղի նախագծի 15%-ը Անկարայի առաջնահերթությունների շղթայի մի օղակն է։ Այստեղ են եւ հայերի հետ հարաբերությունների կարգավորման մտադրությունը, Կիպրոսի խնդիրը, հույների հետ հարաբերությունները, ժողովրդավարացումն ու քրդական խնդրի լուծումը, բանակը քաղաքականությունից հեռացնելու խնդիրը։ Դա շատ լուրջ ու համալիր ծրագիր է, եւ թուրք ղեկավարները մոտենում են դրա լուծմանը քայլ առ քայլ։ Եվ հենց այդ պատճառով եմ ես կարծում, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի մտադրությունն աչքակապություն չէ։

Ի՞նչ է սպասում Թուրքիային հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ձախողման դեպքում։

Անհաջողության դեպքում, իհարկե, կասկածի տակ կդրվի համալիր այն ծրագիրը, որի մասին ես խոսեցի։ Եվ նաեւ փակ կմնա սահմանը։ Ի դեպ, այն փաստը, որ Հայաստանի հետ սահմանը չի գործում, որոշակի չափով բացասաբար է ազդում նաեւ Թուրքիայի վրա։

Հայկական տարածքը հարմար կլիներ տարածաշրջանների հետ կապի ու խողովակաշարերի կառուցման տեսանկյունից։ Նման ծրագրեր կան։ Այդ տեսանկյունից թուրքերը շատ չեն ցանկանում լինել ադրբեջանական քաղաքականության պատանդը։ Այո՝ լինելով դաշնակիցներ ու եղբայրներ, ինչպես իրենք են արտահայտվում, թուրք քաղաքական գործիչները ցանկանում են ազատ ձեռքեր ունենալ։ Դա զգացվում է։ Ընդ որում, կան բաներ, որոնց մասին նրանք չեն ասում։ Սակայն Ադրբեջանը փորձում է հետ խաղարկել, եւ Բաքվի նման փորձերը զգալի չափով խանգարում են Թուրքիային։

Կարծիք կա, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու երկու երկրների միջեւ սահմանի ապաշրջափակումը, բացասաբար կազդի Հայաստանում ու տարածաշրջանում Ռուսաստանի դիրքորոշման վրա։ Որքանո՞վ է այն արդարացված։

Ռուսաստանի վախերը զգալի չափով չափազանցված են։ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները կատարյալ երբեք չեն լինի։ Թուրքերը չեն ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, եւ կփնտրեն միջանկյալ որոշումներ։ Ոչինչ չի պատահի եւ երկու երկրների ներքին ընդդիմությանը, որը մշտապես կարդիականացնի մեկդարյա հակամարտության փաստը։

Իսկ Հայաստանը պետք է ունենա վստահելի թիկունք, հենարան։ Եվ այլ հենարան, քան Ռուսաստանը, պարզապես գոյություն չունի։ Ամերիկայի հետ դուք ինքներդ գիտեք, թե ինչ կարող է կատարվել։ Հարեւան հանրապետությունը (Վրաստանը – NEWS.am) ԱՄՆ-ի հետ շատ սերտ հարաբերություններ էր կառուցում եւ մեծ հույսեր կապում։ Ինչով այդ ամենը վերջացավ, մենք բոլորս տեսանք։ Վաշինգտոնի ձեռքերը կարճ են օվկիանոսի պատճառով, իսկ Թուրքիան մոտ է, եւ այն մշտապես անմիջական վտանգ է ներկայացնելու։ Այդ պատճառով Հայաստանը պետք է խաղա հաշվեկշռի վրա։ Հայկական քաղաքականությունը պարզ չի լինի։ Այն այժմ էլ բավական ճյուղավորված ու հետաքրքիր է։ Եվ այդ քաղաքականության մեջ Ռուսաստանի գործոնը միշտ էլ անհրաժեշտ ու կարեւոր է լինելու Հայաստանում իշխող դասակարգի համար։

Իսկ ինչպիսի՞ն եք տեսնում Իրանի դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման հեռանկարի կապակցությամբ։

Իրանը միշտ էլ բազմապլանային շահեր ունի աշխարհի ցանկացած կետում։ Այդ շահերի շարքում կարեւոր տեղ են զբաղեցնում անվտանգության հարցերը։ Մենք բոլորս հիշում ենք այն պահը, երբ խոսվում էր Վրաստանի տարածքում իսրայելական Ռազմա-օդային ուժերի տեղակայման հնարավորության մասին։ Իհարկե, Իրանի շահերում նման տարբերակները չէին տեղավորվում եւ չեն տեղավորվում նաեւ հիմա։ Իրանը ակնհայտորեն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Սակայն այդ հետաքրքրությունը չի կարող որոշիչ լինել։ Այսօր իրանական կողմը մենաշնորհատեր է Հայաստանի համար հարավային տարանցման ուղղությամբ։ Կարելի է սպասել, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանի մոտ կթուլանա Իրանի հետ կապերի զարգացման շահագրգռությունը։ Կարող է փոփոխվել նաեւ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ դիրքորոշումը, թեպետ այդ հարցում, իհարկե, Հայաստանի խոսքը որոշիչ չէ։ Այստեղ խաղում են ուժի խոշոր կենտրոնները։

Այնուամենայնիվ, Իրանը շահագրգռված է Հարավային Կովկասում դաշնակիցներ ունենալու հարցում, եւ ինչպես նա կկառուցի իր դիրքորոշումները, դա, իհարկե, հարցական է։ Ես չեմ կարծում, որ իրանցիները կհրաժարվեն Հայաստանի հետ հարաբերություններից։ Եվ հայկական կողմի բազմավեկտորային ընթացքին նույնպես ոչինչ չի պատահի, դեռ ավելին, այն ներկայումս արդեն իրական է դառնում։ Այդ տեսանկյունից շատ հարցեր պետք է լուծի Երեւանը։ Եկել է կշռադատված դիրքորոշում մշակելու ժամանակը։

Ի՞նչ եք կարծում, որ մոդելով թուրքական պետությունը կփորձի լուծել քրդական խնդիրը։

Քրդերի հետ կապված մոդելներ շատ են եղել։ Էրդողանի ներկայիս կառավարությունը ընդհանուր առմամբ քրդերին բավական լայն մշակութային ինքնավարություն է առաջարկում։ Սակայն այդ հարցը վիճարկելի է։ Խոսքը նաեւ քրդերի քաղաքական կուսակցություններ ստեղծելու իրավունքի մասին է. ոչ թե ձեւական, որոնք համարվում են ահաբեկչական ու անջատողական, այլ իրական, քաղաքական գործընթացներում ընդգրկված կուսակցություններ։ Եվ տպավորություն է ստեղծվում, որ քաղաքականությանը պաշտոնապես մասնակցող քրդերի շարքում կան մարդիկ, որոնք պատրաստ են էական զիջումների գնալ սկզբունքային հարցերում։