Կլիմայի ու կյանքի պայմանների մասին չհուսադրող կանխատեսումներ են կատարել գիտնականները գլոբալ տաքացման տեմպերի արագացման ֆոնին, փոխանցում է Life-ը։
Բրիտանացի կլիմայագետ Մայքլ Գոուվը հայտարարել է, որ մարդկությունը կորցրել է գլոբալ տաքացման տեմպերի նկատմամբ վերահսկողությունը և արդեն 2070 թվականին օդի միջին ջերմաստիճանը ամառային օրերին կարող է 5 աստիճանով բարձրանալ։ Daily Mail-ը հայտնում է՝ Գոուվի կարծիքով՝ սա կբերի զանգվածային հեղեղումների, առատ տեղումների, երաշտների և ամբողջ էկոհամակարգերի վերացման։
Կտաքանա նաև ձմռանը, կլիմայագետները հայտնում են, որ ձմեռային ջերմաստիճանը կբարձրանա 4 աստիճանով։Գոուվը գտնում է, որ սրանից ամենաշատ տուժողները կլինեն ափամերձ շրջաններում բնակվողները։ Գիտնականը նշում է նաև, որ 2070 թվականին ռիսկային խմբում կլինեն հարյուր միլիոնավոր մարդիկ, իսկ 2100 թվականին՝ Երկրի բնակիչների համարյա մեկ միլիարդը։
Բացի այդ, գլոբալ տաքացումը կտրուկ հարված կհասցնի գյուղատնտեսությանը՝ բերքը կդադարի լինել ռեկորդային, իսկ անասնաբուծության համար մի քանի անգամ ավելի շատ փող մարդիկ ստիպված կլինեն ծախսել։





























