Հայկական պատվիրակության կողմից ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները բոյկոտելն անընդունելի է։ Այս մասին փետրվարի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի տնօրեն Կարեն Բեքարյանը։

«Մինչեւ այդ քայլին  հասնելը պետք է գիտակցել. հայկական պատվիրակության կողմից ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները բոյկոտելը կարող է հանգեցնել հանձնաժողովի անգործունակությանը։ Բացի այդ, ենթահանձնաժողովը կարող է աշխատել առանց հայկական պատվիրակության մասնակցության, ինչը նշանակում է, որ ենթահանձնաժողովի աշխատանքները բոյկոտելը գրոշ չի արժենա»,- նշեց Բեքարյանը։

Փորձագետի խոսքով, այդ դեպքում հայկական կողմը ողջ ասպարեզը կտրամադրի Ադրբեջանին  եւ Թուրքիային՝ թույլ տալով, որ նրանք հակահայկական լայնամասշտաբ քարոզչություն իրականացնեն։

«Իսկ ինչի՞ց ենք մենք վախենում։ Ղարաբաղյան պատերազմից մինչեւ հրադադարի ռեժիմի կնքումը եւ մինչեւ այսօր մենք հասունացել ենք եւ հասկանում ենք, որ լռությունը խնդրի ճիշտ լուծում չէ»,- նշեց փորձագետը։

Բեքարյանը միաժամանակ ավելացրեց, որ ինքը միանշանակորեն դեմ էր ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսմանը, քանի որ դրա չաշխատելու դեպքում հակամարտության խաղաղ կարգավորման ավելի մեծ հնարավորություններ կմնային։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունվարի 28-ին ԵԽԽՎ Բյուրոն որոշում էր ընդունել վերսկսել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները։ Հայկական պատվիրակությունը չէր մասնակցել այդ քվեարկությանը։ Ենթահանձնաժողովի նախագահ էր դարձել Իսպանիայի ներկայացուցիչ Խորդի Խուգլա ի Կոստան։