Ֆրանսիայի իշխանությունները մտահոգված են կանանց նկատմամբ ընտանեկան բռնության բարձր մակարդակով: Ֆրանսիայի կառավարության հրապարակած տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում անցյալ տարի 109 կին է սպանվել ամուսինների կամ կենակիցների կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կենցաղային բռնության հետեւանքով մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 247: Այս թվի մեջ են մտնում նաեւ ինքնասպանությունները, որոնք կանայք, որպես կանոն, կատարում են այլ ելք չտեսնելով»,- նշված է Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիսթոֆ Քասթաների եւ գենդերային հավասարության հարցերով պետական քարտուղար Մարլեն Շյապի հայտարարության մեջ:

Որպես բռնության հետ բախվածներին օգնության մի գործիք իշխանություններն առաջարկում են համացանցային պորտալի ստեղծումը՝ այդ փաստերի մասին տեղեկություններ հավաքելու համար: Կայքը երեքշաբթի կներկայացնի Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն: Նրա խոսքով՝ «պորտալը կաշխատի շուրջօրյա, որի մասնագետները, որոնցից շատերը իրավապահ մարմինների աշխատակիցներ են, վայրկենապես կարձագանքեն ստացած հաղորդումներին»:

Ֆրանսիայում վերջին մի քանի օրերին ցույցերի ալիք էր բարձրացել ընդդեմ կանանց դեմ բռնության: Այն նախաձեռնել էր #NousToutes կազմակերպությունը, որը այս տարվա սեպտեմբերին ստեղծել էին մի շարք հասարակական ասոցիացիաներ: Կազմակերպիչների տվյալներով՝ ցույցերին մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ: Ամենազանգվածային հանրահավանքներն անցկացվել են Փարիզում, Մարսելում, Լիոնում, Թուլուզում, Լիլում եւ Նանտում:

Հասարակական կազմակերպությունների տվյալներով՝ Ֆրանսիայում ամեն տարի տղամարդկանց կողմից բռնության զոհ են դառնում մոտ 220 հազար կանայք: Յուրաքանչյուր երրորդ ֆրանսուհին հետապնդումների կամ սեքսուալ բռնության է ենթարկվում աշխատավայրում, եւ միայն քչերն են որոշում ոստիկանություն դիմել: